top of page

Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան

  • Zohrap Amiryan
  • 28 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է: Հերոսը սովորել է Մասիսի թիվ 2 դպրոցում. դասղեկ Արմինե Ասլանյանի խոսքով՝ Հենրիկին կարողանում էին ավելի լավ բացահայտել իր իսկ գրված տողերով, քանի որ փակ էր, չէր սիրում շատ խոսել: «Ուրախ եմ, որ պահել եմ այս տողերը: 6-րդ դասարանում աշակերտներին հանձնարարել էի բնութագրել ինքներն իրենց: Գրել էր՝ ես բնավորությամբ շատ հանգիստ եմ, սիրում եմ ծանոթություններ հաստատել, ընկերասեր եմ, կատակասեր եմ, կատակում եմ, բայց` միայն տանը հաճախ, արտաքինից շատ ժպտերես եմ, ներքուստ նույնպես ուրախ եմ, ես բոյով եմ, շիկահեր, աչքերս արտահայտիչ են, շագանակագույն, նիհար եմ և ուժեղ եմ»,-պատմում է տիկին Ասլանյանը: Դասղեկն ասում է, որ ամենադրական հատկանիշները կարելի էր գտնել հենց Հենրիկի մեջ, նա ճշգրտորեն բնութագրել էր իրեն այնպես, ինչպես նրան տեսնում էր իր շրջապատը:

«Շատ սիրված էր բոլորի կողմից, լուրջ ու չափի մեջ, երբեք սուտ չէր խոսում: Մի անգամ էլ հանձնարարել էի անունը բացել, անվան տառերով բնութագրական բառեր գրել, Հենրիկն առանձնացրել էր՝ հանգիստ, երազկոտ, նեղացկոտ, «ր» տառի տակ երևի ոչինչ չէր գտել, պարզապես գրել էր րոպեական, իրատես և կարգապահ: Ամեն ինչ ճիշտ էր բնութագրել, միայն թե մի փոքր նեղացկոտ բառն էր մեզ համար բացահայտում: Իրոք, հանգիստ էր, չեմ հիշում, որ երբևէ ընկերների հետ վիճաբանություն ունենար, հենց առաջին նստարանին էր նստում, միշտ ժպիտը դեմքին էր, հանձնարարությունները ս իրով կատարում էր: Եթե ուզեր, երևի շատ ավելի լավ կսովորեր, որովհետև բարձր դասարաններում զգաց դրա հաճույքը: Գրականություն էր շատ սիրում, հաճույքով կարդում ու անգիր էր անում մեր բանաստեղծների ստեղծագործությունները: Մտադրություն ուներ ուսումը շարունակելու, իրավաբան էր ուզում լինել»: Տիկին Ասլանյանը ներկայացրեց Հենրիկին հանձնարարված ևս մի առաջադրանք, որտեղ նա պետք է գրեր, թե ինչ է ցանկանում: ««Ուզում եմ» թեմայով աշխատանք հանձնարարեցի, Հենրիկն այնքան լավ բաներ էր գրել՝ բոլոր մարդիկ էլ ամեն վայրկյան մի բան ուզում են, ես շատ կուզեի, որ մարդիկ լինեն բարի և անկեղծ, ուզում եմ, որ մեր երկրում շարունակվի անկախությունը, երջանկություն տիրի, ուզում եմ, որ Հայաստանը կրկին ունենա իր առաջվա տարածքները, ուզում եմ, որ բոլոր երկրներում խաղաղություն տիրի և պատերազմներ չլինեն, ես այն եմ ուզում, ինչ բոլոր մարդիկ են ուզում»: Հենրիկի մասին դեպքն իմանալուց հետո դպրոցի աշակերտներն իրենց նախաձեռնությամբ որոշել և անկյուն էին պատրաստել Հենրիկի համար: Դասղեկը տեղեկացրեց, որ այսօր էլ պատրաստվում են սերժանտի հիշատակին նվիրված փոքր միջոցառում անցկացնել: «Ես այդ օրերին շատ անհանգիստ էի, քանի որ Հենրիկն էլ, համարյա բոլոր դասընկերներն էլ ծառայում էին Արցախում: Երբ իմացանք, սկզբում չէինք հավատում, ընտանիքն էլ չէր հավատացել: Հիշում եմ՝ հոգեհանգստից հետո բոլորով հավաքվեցինք դպրոցում, աղջիկները մինչև ուշ գիշեր ինձ հետ նստեցին, մտածում էինք Հենրիկի մասին, պատմում տարբեր դրվագներ, ով ինչ հիշում էր: Ես ավարտական դասարան ունեի այս տարի, վերջին զանգի միջոցառումը սկսեցինք Հենրիկին նվիրված հատվածով, ասացինք, որ շնորհակալ ենք, որ մեզ պաշտպանել է, հանուն այսօրվա, որ մենք խաղաղ անցկացնենք վերջի զանգը: Մեզ համար էլ է դժվար, իմ հոգում մի հոգս էլ է ավելացել»: Հենրիկը մարտի դաշտում էլ իրեն պահեց ճիշտ այնպես, ինչպես բնութագրել էր: Շտապեց օգնության, զոհվեց վիրավոր ընկերներին դուրս բերելիս, տվեց իր կյանքը՝ փրկելով մեկ ուրիշինը:

Comments


bottom of page