top of page

Ինչ է արգանդի միոման, որոնք են դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները |Tert.am

  • Zohrap Amiryan
  • 30 нояб. 2016 г.
  • 5 мин. чтения

Արգանդի միոման կամ մկանուռուցքը բավական տարածված հիվանդություն է, որն առավել հաճախ հանդիպում է 30 տարեկանից բարձր կանանց մոտ: Ըստ էության՝ դա բարորակ գոյացություն է, որն օնկոլոգիական հիվանդությունների հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Ժամանակին արված ախորոշումն ու ճիշտ բուժումը թույլ կտան ամբողջությամբ ազատվել ուռուցքից և վերականգնել հիվանդի առողջությունը:

Արգանդի միոմայի առաջացման պատճառները

Արգանդի միոման առավել հաճախ առաջանում է արգանդի պատերին կամ դրա խոռոչում: Մասնագետներն առանձնացնում են հիվանդության մի քանի հիմնական տեսակ.

· Սուբսեռոզային միոմա. արգանդի արտաքին պատին առաջացած գոյացություն:

· Սուբմուկոզային միոմա. առաջանում է արգանդի խոռոչում՝ դրա լորձաթաղանթի տակ:

· Ներմկանային միոմա. ուռուցքն առաջանում է օրգանի մկանային պատի մեջ:

· «Ոտքով» ֆիբրոմիոմա. այս տեսակի դեպքում գոյացությունն ունենում է նեղ կամ լայն հիմք, որը ոտք է հիշեցնում:

Գոյություն ունեն ֆիբրոմիոմայի առաջացման մի քանի հիմնական պատճառ.

· Գենետիկ հակվածություն,

· Ադենոմիոզ,

· Հորմոնալ դիսբալանս,

· Էնդոկրին համակարգի վրա ճնշող ազդեցություն ունեցող հաճախակի սթրեսներ,

· Ներարգանդային պարույրի գործածություն,

· Հղիության արհեստական ընդհատումներ,

· Ավելորդ քաշ ու նստակյաց կյանք,

· Սեռական ակտի ժամանակ օրգազմի բացակայություն:

Ֆիբրոմիոմայի առաջացման պատճառ հանդիսացող հորմոնալ դիսբալանսը սովորաբար դրսևորվում է էստրոգենի ավելցուկով ու պրոգեստերոնի պակասով: Մինչ դաշտանային ցիկլի սկսվելն այս հորմոնների մակարդակ դուրս չի գալիս նորմայի սահմաններից, ուստի այս հիվանդությունը գրեթե չի հանդիպում 13-14 տարեկանից երիտասար աղջիկների մոտ:

Միոմայի առաջացման հավանականության վրա ազդում են նաև հղիությունների և հղիության ընդհատումների թիվը, քանի որ դրանք նաև անդրադառնում են կնոջ հորմոնալ ֆոնի վրա և կարող են առաջացնել էստրոգենի և պրոգեստերոնի դիսբալանս: Համարվում է, որ մեկ և ավելի երեխա ունեցած կանանց մոտ բարորակ ուռուցքի առաջացման հավանականությունը զգալիորեն նվազում է:

Սեքսի ժամանակ օրգազմի բացակայությունը նույնպես կարող է դառնալ միոմայի առաջացման պատճառ, ինչը պայամանավորված է սեռական ակտից հետո փոքր կոնքի հատվածում արյան լճացմամբ: Այս նույն խնդրով կարող են պայմանավորված լինել նաև սեքսի ընթացքում առաջացող ցավոտ զգացողությունները:

Կանանց մոտ բարորակ ուռուցքների առաջացման վրա անուղղակիորեն կարող են ազդել նաև շաքարային դիաբետն ու արյան գերճնշումը: Այս հիվանդություններն առաջացնում են նյութափոխանակության խանգարումներ և նպաստում ավելորդ քաշի կուտակմանը: Եթե ճարպային կուտակումները որովայնի հատվածում են ապա ֆիբրոմիոմայի առաջացման վտանգը զգալիորեն մեծանում է:

Միոմայի առաջացման պատճառ կարող են լինել հղիության ընդհատման դեպքերը, վերարտադրողական համակարգի օրգաններ բորբոքումները, ծննդաբերության կամ գինեկոլոգիական միջամտության արդյունքում ստացված վնասվածքները:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ քաղաքներում ապրող կանանց մոտ գինեկոլոգիական ուռուցքների առաջացման հավանականությունը շատ ավել բարձր է, քան գյուղական միջավայրում ապրող կանանց մոտ:

Արգանդի միոմայի ախտանշանները

Որպես կանոն ուռուցքի փոքր չափերի դեպքում հիվանդը ոչ մի տհաճ զգացողություն չի ունենում, քանի որ վաղ շրջանում ախտանշաններ չեն լինում: Այս դեպքում խնդիրը կարելի է հայտնաբերել միայն բուժզննման միջոցով:

Սակայն հիվանդության զարգացման հետ մեկտեղ առաջանում են որոշ ախտանշաններ, որոնք նման են էնդոմետրիոզի կամ կանանց սեռական օրգանների օնկոլոգիական հիվանդությունների ախտանշաններին: Հստակ ախտորոշման համար հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և անցնել բուժզննում:

Հիմնական ախտանշանները դրսևորվում են հետևյալ կերպ.

· դաշտանային ցիկլի խանգարմամբ,

· ցիկլի մեջտեղում արնախառն արտադրությամբ,

· առատ միզարձակությամբ ու փորկապությամբ, ինչը տեղի է ունենում, երբ միոման սեղմում է միզապարկն ու աղիները,

· դաշտանից առաջ որովայնի ստորին հատվածի ձգող ցավով,

· երկարատև կամ առատ դաշտանով,

· կայուն անպտղությամբ,

· գոտկատեղի և որովայնի ստորին հատվածի չափերի մեծացմամբ՝ առանց մարմնի քաշի ավելացման:

Եթե ախտանշաններ չկան, սակայն հանգույցներն արդեն առաջացել են, ապա դրանք կարելի է հայտնաբերել հասարակ գինեկոլոգիական հետազոտության միջոցով: Հիվանդի մոտ ուռուցքների հայտնաբերման դեպքում բժիշկն ուղարկում է նրան ուլտրաձայնային հետազոտության, որի միջոցով էլ որոշվում են հանգույցների չափերն ու քանակը:

Բարդ դեպքերում կարող է լինել հավելյալ ախտորոշման անհրաժեշտություն: Այս դեպքում իրականացվում է հիստերոսկոպիա կամ լապարոսկոպիա: Առաջինի դեպքում բժիշկը հատուկ օպտիկական սաքի միջոցով հետազոտում է հեշտոցն ու արգանդի վզիկը, իսկ երկրորդի դեպքում հետազոտվում է արգանդի խոռոչը հատուկ արված անցքերի միջոցով:

Արգանդի միոմայի բուժումը

Հանգույցների հեռացման միջոցի ընտրությունը կախված է ուռուցքի չափերից, դրա տեսակից, աճի արագությունից և նորագոյացությունների քանակից: Կախված ստուգման արդյունքներից՝ կարող է նաշանակվել ինչպես դեղորայքային բուժում, այնպես էլ վիրահատական միջամտություն: Սակայն դեղորայքային բուժում կարելի է նշանակել, եթե արգանդի միոման փոքր է, ախտանշաններ չկան կամ թույլ են արտահայտված, իսկ հիվանդը գրեթե դաշտանադադարի տարիքի է:

Պահպանողական բուժումն իրականացվում է որոշակի խմբի պատկանող հորմոնալ դեղամիջոցների ընդունման միջոցով.

· Կամակցված օրալ հակաբողմնավորիչներ, որոնք պարունակում են դեզոգեստրել ու էթինիլէստրադիոլ: Այս դեղամիջոցներն օգնում են ճնշել ու մեղմացնել առաջին ախտանշանները, սակայն ոչ միշտ են նպաստում ուռուցքի փոքրացմանը, ուստի օգտագործվում են միայն, եթե հանգույցների չափերը չեն գերազանցում 1,5սմ-ը:

· Հեստագեններ. այս դեղամիջոցների հարցում բժիշկների կարծիքները տարբեր են: Բանը նրանում է, որ փոքր ուռուցքի դեպքում այս դեղամիջոցները կարող են կանխել դրա հետագա զարգացում, փոքրացնել և նույնիսկ ամբողջությամբ ազատել դրանից, սակայն ավելի մեծ ուռուցքի դեպքում այդ դեղամիջոցները կարող են նպաստել դրա աճին և վտանգել հիվանդի առողջությունը: Սա է պատճառը, որ հեստագենների ընդունումից առաջ հարկավոր է հանձնել բոլոր անհրաժեշտ անալիզները՝ բարդություններից խուսափելու համար:

· Կենտրոնացված ուլտրաձայնային ճառագայթում. սա արգանդի միոմայի բուժման ամենաժամանակակից մեթոդն է, որի ժամանակ օգտագործվում է ուլտրաձայնային ճառագայթում: Անհրաժեշտ հատվածի վրա ազդելու համար՝ բժիշկն օգտագործում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքը, ինչը նաև թույլ է տալիս հետևել այդ ընթացքին և գնահատել ուռուցքի քայքայման աստիճանը:

Կենտրոնացված ուլտրաձայնային ճառագայթման առանձնահատկություններն ուառավելությունները

· Կանանց վերարտադրողական գործառույթի ամբողջությամբ պահպանվում են,

· պորցեդուրայի ընթացքում չի օգտագործվում ընդհանուր անզգայացում,

· այս պրոցեդուրան արդյունավետ է մեծ հանգույցների և մանր օջախների բուժման համար,

· այս ճառագայթը թույլ է տալիս 2-3 անգամ փոքրացնել մեծ հանգույցները,

· պորցեդուրայից հետո հիվանդի մոտ չեն առաջանում ցավոտ զգացողություններ ու այլ կողմնակի բարդություններ,

· հիվանդությունը երբեք չի կրկնվում,

· պրոցեդուրան իրականացվում է ամբուլատոր պայմաններում,

· ոչ մի տհաճ ախտանշան չի առաջանում,

· օրգանիզմի վերականգնումը բավական արագ է ընթանում:

Այս մեթոդով իրականացվող բուժումն ամենաապահովն է հիվանդի համար, քանի որ այն չի ենթադրում վիրահատական միջամտություն, բուժման ընթացքում արգանդը չի վնասվում, ինչը թույլ է տալիս խուսափել անպտղությունից և վիժումներից:

Ոչ վիրահատական բուժումն իրենից ներկայացնում է մի համալիր թերապիա, որը ներառում է հորմոնալ դեղորայքի ընդունումն ու ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները: Բուժման կուրսը նաև կարող է ներառել հոմեոպաթիկ դեղորայքի ընդունում, ֆիտոթերապիա, իմունամոդուլատոր դեղամիջոցների ընդունում և դիետիկ սննդակարգ:

Արգանդի միոմայի վիրահատական հեռացում (միոմէկտոմիա)

Արգանդի միոմայի չափազանց մեծ չափերի դեպքում ոչ վիրահատական բուժումն անօգուտ կլինի, ուստի հարկավոր է վիրահատական միջամտություն: Վիրահատությունը կարելի է իրականացնել միայն, եթե.

· Ուռուցքը բավական մեծ է (12 շաբաթականից ավել) և ճնշում է գործադրում մոտակա օրգանների վրա,

· Գոյացությունները նպաստում են արգանդից առատ արյունահոսությունների առաջացմանը,

· Նկատվում է ֆիբրոմիոմայի աճի արագացում (4 շաբաթ մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում),

· Նկատվում են ուռուցքի նեկրոտիկ փոփխություններ,

· Սուբսեռոզային հանգույցի «ոտքը» ոլորվում է,

· Առաջանում է միոմա լորձաթաղանթի տակ (այս դեպքում իրականացվում է շտապ լապարոսկոպիա),

· Միոմայի հանգույցների հետ մեկտեղ կա նաև ադենոմիոզ:

Ելնելով միոմայի չափից, տեսակից ու տեղակայման հատվածից՝ գինեկոլոգը ընտրում է վիրահատության տեսակը: Այդ տեսակները երեքն են.

· Լապարոսկոպիա. հանգույցները հեռացվում են որովայնի հատվածում արված փոքրիկ անցքերի միջոցով:

· Հիստերոսկոպիա. հեշտոցի միջոցով արգանդի խոռոչ է մտցվում տեսախցիկով հատուկ սարք, որի միջոցով հստակ որոշվում է հանգույցի տեղն ու հեռացվում այն:

· Որովայնային վիրահատություն. այս պրոցեդուրան կիրառվում է շատ հազվադեպ և իրականացվում է որովայնի ստորին հատվածում արված կտրվածքի միջոցով:

Հանգույցների հեռացման համար առավել հաճախ կիրառվում են լապարոսկոպիկ ու հիստերոսկոպիկ մեթոդները, քանի որ դրանք ունեն մի շարք առավելություններ (արագ վերականգնում, վերարտադրողական գործառույթի պահպանում և հետքերի բացակայություն):

Առավել ծանր դեպքերում, երբ չի հաջողվում ճնշել ուռուցքի աճը հորմոնաթերապիայի միջոցով, իսկ վիրահատություններն այդքան էլ արդյունավետ չեն լինի, նշանակվում է հիստերէկտոմիա՝ արգանդի ամբողջական հեռացում:

Կարելի է արդյոք բուժել արգանդի միոման ժողովրդական միջոցներով

Ժողովրդական բժշկության մեջ կան արգանդի միոմայի բուժման տարբեր եղանակներ, սակայն պետք չէ անվերապահորեն վստահել նման բուժմանը: Պետք չէ անցկացնել կասկածելի բուժիչ պրոցեդուրաներ՝ առանց բուժող բժշկի հետ խորհրդակցելու:

Ոչ մի դեպքում չի կարելի իրականացնել կասկածելի պրոցեդուրաներ և փորձել բուժվել թուրմերի և ներարկումների միջոցով: Նման բուժումը կարող է նպաստել ուռուցքի աճի արագացմանը կամ հանգեցնել դրանում նեկրոտիկ փոփոխությունների առաջացմանը:

Հարկավոր է հասկանալ, որ այս հիվանդությունը կարելի է բուժել միայն բժշկի հսկողության տակ, քանի որ ինքնաբուժությունը կարող է էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը:

Արգանդի միոմայի հնարավոր հետևանքները

Բժիշկների հիմնական մտավախություններից մեկն այն է, որ ֆիբրոմիոման կարող է բարորակից վերածվել չարորակի՝ չնայած, որ նման փոփոխության հավանականությունն այդքան էլ մեծ չէ: Այնուամենայնիվ՝ հարկավոր է մշտապես հետևել հիվանդության զարգացմանն ու միոմայի վիճակին:

Այս հիվանդության ևս մի տհաճ հետևանք է անեմիան՝ սակավարյունությունը, որը կարող է զարգանալ առատ դաշտանային արյունահոսությունների ֆոնի վրա:

Հիվանդության ուշ ախտորոշումն ու ուռուցքի մեծ չափերը կարող են դառնալ արգանդի հեռացման պատճառ: Նման լուրջ վիրահատական միջամտությունից հետո կինը ծանր սթրես է տանում, և նրա հոգեվիճակը կարող է խիստ վատանալ:

Միոմայի հետևանքները կարող են բացասաբար ազդել ինչպես կնոջ կյանքի որակի, այնպես էլ նրա առողջության վրա, ուստի ժամանակին իրականացված ախտորոշումն ու համալիր բուժումն անչափ կարևոր են:

Հիվանդության առաջին ախտանշանները կարող են դեռ երկար ի հայտ չգալ, և հենց սա է պատճառը, որ արգանդի միոմայի կանխարգելման լավագույն միջոցը պարբերաբար գինեկոլոգիական ստուգում անցնելն է և առողջության մասին ինչպես հարկն է հոգ տանելը:

 

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page