top of page

Նաիրիտը» սնանկ ճանաչվեց. Դատարանը վճռեց

  • Zohrap Amiryan
  • 30 нояб. 2016 г.
  • 6 мин. чтения

Նաիրիտ» ՓԲԸ-ն ունեցած պարտքերի պատճառով հայտնվել էր դատական գործընթացների առանցքում, իսկ «Նաիրիտին» դատարանի առջեւ կանգնեցնողը` այն սնանկ ճանաչելու հայցով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

ՎՃԻՌ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ Ա. ՉԻՉՈՅԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 28.11.2016թ. ք. Երևան Դռնբաց դատական նիստում քննության առնելով սնանկության գործն ըստ դիմումի <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի /այսուհետ՝ նաև Դիմող/ ընդդեմ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի /այսուհետ՝ նաև Պարտապան/` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը 07.04.2015թ. <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ն /հասցե` ք. Երևան, Ա. Արմենակյան 127, ՀՎՀՀ 01520882, գր. համար 273.140.01857, վկ. համար 01Ա033472/ դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի՝ /հասցե` ք.Երևան, Ա. Բագրատունյաց 70, պետ. գր. համար 269.120.0230, ՀՎՀՀ 02228743, վկ. համար 02Ա050231/ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2015թ. որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2015թ. որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Կարեն Ասատրյանը։ Գործի քննությունը հայտարարվել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 28.11.2016թ., ժամը 17։50-ին։ Դիմողի իրավական դիրքորոշումը և փաստարկները Դատարան ներկայացրած դիմումով <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 16.10.2007թ. թիվ 422-Ն որոշմամբ հաստատված Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան 26.05.2009թ. <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի և <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի միջև կնքվել է թիվ 990001 էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը /այսուհետ՝ նաև Պայմանագիր/։ Պարտապանը Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում չի կատարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման պարտավորությունը, որն, ըստ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի՝ 01.03.2015թ. դրությամբ կազմում է 1235003232 ՀՀ դրամ, որից՝ 159278876 ՀՀ դրամը՝ որպես տույժ։ <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վկայակոչմամբ նշել է, որ առկա են Պարտապանի փաստացի անվճարունակության բոլոր հիմքերը։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2012թ. օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ից հօգուտ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի բռնագանձել 1106325612 ՀՀ դրամ։ Նշված գործով դատարանի կողմից 09.08.2012թ. տրվել է թիվ ԵՇԴ/1204/03/12 կատարողական թերթը։ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 03.11.2014թ. օրինական ուժի մեջ մտած մեկ այլ վճռով վճռվել է Պարտապանից հօգուտ Դիմողի բռնագանձել ևս 39477332 ՀՀ դրամ գումարը, որը Պարտապանի կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց չկատարված վճարման պարտավորության գումարի տարբերությունն է 01.08.2014թ. դրությամբ։ 01.08.2014թ. դրությամբ Պարտապանի ընդհանուր պարտքը կազմել է 1145802944 ՀՀ դրամ։ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 17.11.2014թ. տվել է թիվ ԵՇԴ/3475/03/14 կատարողական թերթը։ Պարտապանը չի կատարել վերը նշված վճիռների պահանջները, միաժամանակ՝ շարունակում է չվճարել սպառված էլեկտրաէներգիայի համար, որի հետևանքով վերջինիս ընդհանուր պարտքը Դիմողի հանդեպ ավելացել է և 01.03.2015թ. դրությամբ կազմում է 1235003232 ՀՀ դրամ։ Վերոգրյալի հիման վրա, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վկայակոչմամբ՝ Դիմողը խնդրել է <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ին ճանաչել սնանկ։ Պարտապանի իրավական դիրքորոշումը և փաստարկները Պարտապան <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի ներկայացուցիչը 29.04.2015թ. Դատարան է ներկայացրել Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումի պատասխան, որով առարկել է պահանջի դեմ ամբողջությամբ։ <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վկայակոչմամբ հայտնել է, որ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի չափը կազմում է 27342730272 ՀՀ դրամ, իսկ ակտիվների մնացորդը 28.02.2015թ. դրությամբ կազմում է 57039533906 ՀՀ դրամ, որը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է Դիմողի ներկայացրած պահանջի չափը։ Նշել է, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը հնարավոր է ապահովել նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։ Դիմողի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն է ներկայացվել կատարողական թերթ, հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակներում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից 05.04.2013թ. <<Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին>> որոշմամբ արգելանք է դրվել Պարտապանին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա։ Նման պայմաններում անհասկանալի է Դիմողի դիրքորոշումը՝ Պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալԴքանի որ, ինչպես օրինական ուժի մեջ մտած վճռով, այնպես էլ՝ Պարտապանին սնանկ ճանաչելու դեպքում՝ նպատակը մեկն է՝ գումարի բռնագանձումը։ Նշել է, որ ներկայացված պահանջը կրում է ձևական բնույթ։ Վերոգրյալի հիման վրա խնդրել է <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի դիմումը՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել։ Դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումը. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը հետևյալն են. 1. <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի և <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի միջև 26.05.2009թ. կնքվել է <<Էլեկտրական էներգիայի մատակարարման>> թիվ 990001 պայմանագիրը, ըստ որի՝ Մատակարարը /<<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ն/ պարտավորվել է Սպառողին /<<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ին/ մատակարարել էկետրական էներգիա, իսկ Սպառողը պարտավորվել է վճարել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց։ 2. 06.08.2012թ. օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կարգադրել է <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ից հօգուտ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի բռնագանձել 1106325612 ՀՀ դրամ գումար։ 3. 03.11.2014թ. օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կարգադրել է <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ից հօգուտ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի բռնագանձել 39477332 ՀՀ դրամ գումար։ 4. <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի 28.02.2015թ.՝ Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի համաձայն՝ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի կողմից ենթակա է վճարման 1235003232 ՀՀ դրամ 48 լումա, որից՝ 159278876 ՀՀ դրամ 73 լուման՝ տույժ։ 5. <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի և գլխավոր հաշվապահի 22.04.2015թ. տեղեկանքի համաձայն՝ ըստ հաշվապահական հաշվառման առկա և մշակված տեղեկատվության՝ 28.02.2015թ. դրությամբ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի ակտիվների մնացորդը կազմում է 57039533906 ՀՀ դրամ։ Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում է, որ ներկայացված պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ. Համաձայն <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է /փաստացի անվճարունակություն/։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը. բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ պահանջի հաշվանցը). գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը). դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը։ Դիմողի պահանջը հիմնավորված է <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի և <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի միջև 26.05.2009թ. կնքված <<Էլեկտրական էներգիայի մատակարարման>> թիվ 990001 պայմանագրով և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2012թ. և 03.11.2014թ. օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրություններով։ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի 28.02.2015թ.՝ Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի համաձայն՝ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի կողմից ենթակա է վճարման 1235003232 ՀՀ դրամ 48 լումա, որից՝ 159278876 ՀՀ դրամ 73 լուման՝ տույժ։ Տվյալ դեպքում պարտապանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա և ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է, պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, առկա են նաև օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրություններ, ինչպես նաև՝ բացակայում է հաշվանցի հնարավորությունը ։ Վերոգրյալի հիման վրա Դատարանը հանգում է այն եզրակացության, որ դիմողի պահանջը հիմնավորված է և առկա են բավարար հիմքեր՝ պարտապանին սնանկ ճանաչելու համար։ Ինչ վերաբերում է առարկությամբ նշված Պարտապանի դիրքորոշմանն առ այն, որ վերջինիս ակտիվների արժեքը գերազանցում է Պարտապանի հանդեպ ունեցած պարտավորության չափին, Դատարանն արձանագրում է, որ դա <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի հիմքով պարտապանի սնանկությունը բացառող հանգամանք չէ։ Օրենսդիրը սահմանել է սնակության ինստիտուտը ինչպես բոլոր պարտատերերի, այնպես էլ՝ անվճարունակ ճանաչվող սուբյեկտի շահերի պաշտպանության անհրաժեշտության հաշվառմամբ։ Այս ինստիտուտի խնդիրներից է նաև սնանկ ճանաչվող կազմակերպության գործունեության պահպանումը՝ պարտատերերի շահերը չխախտելու պայմաններում։ Ընդ որում՝ օրենսդիրը պարտավորության չափի և պարտապանի ակտիվների արժեքի հարաբերակցության հարցը դիտարկում է միայն <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-րդ կետերով սահմանված կարգով՝ սեփական նախաձեռնությամբ /կամավոր սնանկություն/ սնանկ ճանաչվելու մասին դիմում ներկայացնելու պարագայում, մինչդեռ՝ սույն գործով ներկայացված է հարկադրված սնանկության դիմում։ Դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործի քննության շրջանակներում ինչպես Պարտապանը, այնպես էլ Դիմողը բազմիցս ներկայացրել են միջնորդություններ՝ գործի քննությունը հետաձգելու մասին՝ հաշտության համաձայնություն ձեռք բերելու համար։ Կողմերը համապատասխանաբար 08.11.2016թ. և 11.11.2016թ. ներկայացրել են միջնորդություններ՝ դատական նիստը վերանշանակելու մասին՝ նշելով, որ սպառել են վեճը հաշտության եղանակով լուծելու բոլոր եղանակները։ Դատարանի 16.11.2016թ. որոշմամբ դատական նիստը վերանշանակվել է 28.11.2016թ., ժամը 16։00-ին։ Կողմերը 24.11.2016թ. ներկայացրել են միջնորդություններ՝ գործի քննությունն իրենց բացակայությամբ իրականացնելու վերաբերյալ։ Ղեկավարվելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 17-րդ, 17.1-րդ, 20-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, Դատարանը

Դատարանը վճռեց Դիմումը բավարարել։ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին / հասցե` ք.Երևան, Ա. Բագրատունյաց 70, պետ. գր. համար 269.120.0230, ՀՎՀՀ 02228743, վկ. համար 02Ա050231/ ճանաչել սնանկ։ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ` որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար և այն որպես դատական ծախս գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված «դ» հերթում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան 15 օրվա ընթացքում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

留言


bottom of page