Միջողային ճողվածք. ախտանշաններն ու ոչ վիրահատական բուժման արդյունավետ մեթոդները |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 3 дек. 2016 г.
- 3 мин. чтения

Նստակյաց կյանքը, մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ գոտկատեղի հատվածում շարժունության պակասը կարող են հանգեցնել միջողային ճողվածքի առաջացման, որը բավական ցավոտ հիվանդություն է: Բացի այդ, ժամանակին բուժօգնություն չստանալու դեպքում այս հիվանդությունը կարող է հանգեցնել անշարժացման: Ցավոտ զգացողությունների սրմանը կարող են նպաստել նույնիսկ մրսածությունը կամ միջանցիկ քամին:
Միջողային ճողվածքի հիմնական ախտանշաններն են ուժեղ ցավը, վերջույթների թմրածությունը, գլխացավերն ու գլխապտույտները: Այս հիվանդությունը կարելի է բուժել մի քանի մեթոդով, պարզապես հարկավոր է ժամանակին որոշել հիվանդության տեսակն ու առանձնահատկությունները:
Ինչ է միջողային ճողվածքը
Միջողային սկավառակների միջև կա դոնդողանման միջուկ՝ շրջապատված ֆիբրոզային օղակով: Ճողվածքն այս օղակի տեղախախտումը կամ պատռվածքն է, որի դեպքում դոնդողանման միջուկը դուրս է գալիս արտաքին շերտ՝ հանգեցնելով նյարդային վերջավորությունների սեղմվելուն:
Ճողվածքի բուժման դեպքում վիրահատական միջամտությունը ոչ միշտ է համարվում լավագույն տարբերակը: Բուժման սխեման ու ցավից ազատվելու մեթոդը որոշելու համար՝ հարկավոր է անցնել համալիր հետազոտություն, որը պետք է պարունակի ՄՌՏ-ի արդյունքները և ցույց տա, թե ինչպես կարելի է ազատվել ճողվածքից:
Միջողային ճողվածքի տեսակները և ինչ վտանգ են դրանք ներկայացնում
Գոյություն ունի ողնաշարի ճաղվածքի 3 հիմնական տեսակ, որոնք տարբերվում են ֆիբրոզային օղակի առանձնահատկություններով և վնասվածքի աստիճանով.
· 2-3 մմ-անոց արտացցում (пролабирование),
· 5-15 մմ-անոց պրոտրուզիա (протрузия),
· էքստրուզիա, որի դեպքում օղակը պատռվում է և միջուկը դուրս է գալիս (экструзия):
Ըստ տեղակայման ճողվածքը կարող է լինել.
· Կողային, սակայն ետևի կամ առջևի հատվածում (заднебоковая или переднебоковая),
· Կողային (боковая),
· Միջնամասային (срединная),
· Խառը (комбинированная):
Ամենից հաճախ ճողվածքն առաջանում է պարանոցային կամ գոտկատեղային հատվածներում:
Միջողային ճողվածքի ախտանշանները
Կախված ճողվածքի տեղակայումից՝ հիվանդության ախտանշանները կարող են տարբեր լինել, ուստի հարկավոր է դրանք առանձնացնել:
Գոտկատեղային հատվածի միջողային ճաղվածքի ախտանշաններն են.
· ախտահարված սկավառակի հատվածում նկատվող ցավոտ զգացողությունները,
· դեպի նստատեղն ու ոտքը ձգվող ցավը,
· վերջույթների ծակծկոցն ու թմրածությունը,
· վերջույթների թուլությունն ու զգայունության կորուստը,
· խնդիրներ՝ կապված միզասեռական համակարգի հետ:
Պարանոցային հատվածի միջողային ճողվածքի հնարավոր դրսևորումներն են.
· դեպի ուսն ու ձեռքը ձգվող ցավը,
· զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումն ու անկումը,
· գլխապտույտները,
· ձեռքերի ու մատների թմրածությունը:
Բուժման որ տեխնոլոգիան է ամենից արդյունավետը
Եթե բժիշկը որոշում է, որ վիրահատության կարիք չկա և ավելի ճիշտ կլինի իրականացնել ոչ վիրահատական բուժում, ապա հարկ է հիշել, որ այդ պրոցեդուրաներն ուղղված են ցավի մեղմացմանը, հետագա ցավոտ զգացողությունները կանխելուն, վերջույթների ակտիվությունը վերականգնելուն, արյան շրջանառության կարգավորմանը և մարմնի նորմալ գործունեության վերականգնմանը:
Բուժումն իրականացնելիս՝ առաջին հերթին հարկավոր ապահովել հիվանդի հանգստությունը՝ մեջքի և պարանոցի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար: Լավագույն տարբերակը անկողնային ռեժիմն է:
Միջողային ճողվածքի ոչ վիրահատական բուժման արդյունավետ մեթոդներ
1. Դեղորայքային. ոչ ստերոիդային ցավազրկողներ, ցավազրկողներ, մկանները հանգստացնող միջոցներ, կորտիզոլ: Հիմնականում այս միջոցներն ուղղված են ցավի մեղմացմանը: Եթե ցավը չի մեղմանում, ապա բժիշկը նշանակում է ողնաշարի շրջափակում (բլոկադա) և վիտամիններ՝ օրգանիզմի աշխատանքը պահպանելու և հյուսվածների ռեգեներացիան արագացնելու համար: Հարկավոր է ընդունել B խմբի, A, E և C վիտամիններ, ինչպես նաև վիտամին D և կալցիում՝ ոսկրային հյուսվածքները վերականգնելու համար:
2. Ուլտրաձայնային թերապիա. օգնում է ազատվել ցավից, նպաստում է հյուսվածքների վերականգնմանն ու առաձգականություն է հաղորդում:
3. Ողնաշարի ձգում. այս թերապիան աղդում է ոչ միայն ախտահարված սկավառակի, այլև ամբողջ ողնաշարի վրա: Դրա շնորհիվ մեծանում է ողերի միջև հեռավորությունը, ճողվածքն ավելի քիչ է ճնշում գործադրում, իսկ նյարդային վերջավերությունները չեն սեղմվում:
4. Բուժական մարմնամարզություն. այս պրոցեդուրաները սովորաբար նշանակվում են որպես հավելում հիմնական բուժմանը: Հատուկ մշակված վարժությունները կօգնեն բարձրացնել ողնաշարի դիմադրողականությունը, իսկ մկանները կդարձնեն ձիգ ու առաձգական:
5. Բանդաժ ու սեղմիրան. նշանակվում են ողնաշարը քիչ ծանրաբեռնելու համար:
Միջողային ճողվածքն ամբողջությամբ բուժելը բավական բարդ է, ուստի խորհուրդ է տրվում մշտապես ստուգվել բժշկի մոտ, հետևել նրա բոլոր խորհուրդներին, վարել ակտիվ ապրելակերպ և հրաժարվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comments