Նռան օգտակար հատկությունները, օգտագործման եղանակներն ու հակացուցումները |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 3 дек. 2016 г.
- 2 мин. чтения

Նռան օգտակար հատկությունները Իր բաղադրության մեջ պարունակվող օգտակար նյութերի, հանքանյութերի ու վիտամինների քանակով նուռն աշխարհում եզակի միրգ է: Այն հարուստ է ամբողջ օրգանիզմի աշխատանքը կարգավորող C, B, P վիտամիններով, յոդի, կալիումի, սիլիցիումի և երկաթի աղերով, ինչպես նաև՝ 15 տարբեր ամինաթթվով: Նռան հյութը բժիշկները խորհուրդ են տալիս խմել վիրահատություններից, վարակներից, ստամոքսի խանգարումից և անեմիայից՝ սակավարյունությունից հետո: Այն պարունակում է հակաբորբոքային նյութեր, որոնք շատ օգտակար են կոկորդի հիվանդությունների, ստոմատիտի և այրվածքների դեպքում: Այս մթերքը նաև շատ օգտակար է կոլիտների, էնտերոկոլիտների և փորլուծության ժամանակ, իսկ շաքարային դիաբետով տառապողներն այս հյութի օգնությամբ կարող են իջեցնել օրգանիզմում պարունակվող գլյուկոզայի մակարդակը: Նռան յուղ Նռան սերմերից ստացած այս յուղը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, այդ թվում նաև վիտամին E: Այն կանխում է մաշկի վաղաժամ ծերացումը: Բացի այդ, այն շատ հարմար է մաշկը խոնավեցնելու և խոնավությունը պահպանելու համար: Այն դանդաղեցնում է ծերացումը, ուստի օգտագործվում է կնճիռների վերացման համար: Հաշվի առնելով այն փաստը, որ նռան յուղը մասնակցում է կոլլագենի սինթեզին՝ կարելի է ասել, որ այն նպաստում է մաշկի երիտասարդության ու առաձգականության պահպանմանը:
Նռան յուղն օգտագործվում է նաև մաշկի բորբոքումների ժամանակ (էկզեմա կամ ակնե) և հիանալի արևապաշտպան միջոց է: Բուժում նռան միջոցով Նուռը շատ վաղուց օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ թուրմերի ու եփուկների տեսքով: Ավիտամինոզի դեպքում խորհուրդ է տրվում ուտել նռան թարմ պտուղները: Այն նաև շատ օգտակար է փորլուծության դեպքում, իսկ նռան կեղևի փոշին կօգնի շատ արագ բուժել մաշկի ճաքերը: Նռան կեղևի թուրմը հիանալի դեղամիջոց է հելմինտոզի բուժման համար: հարկավոր է 50 գրամ հումքին ավելացնել 500 մլ գոլ ջուր, 6 ժամ թրմել, այնուհետև դնել կրակին և եփել, մինչև կաթսայում մնա 200 մլ թուրմ: Թուրմը վերցնել կրակից, քամել և ընդունել 1 բաժակը մեկ ժամվա ընթացքում: Թուրմը խմելուց կես ժամ անց անհրաժեշտ է լուծողական միջոց ընդունել:
Նշիկաբորբի կամ ստոմատիտի դեպքում շատ արդյունավետ է նռան կեղևի լուծույթը, որի պատրաստման համար անհրաժեշտ է 20 գրամ նռան կեղևի փոշուն ավելացնել 200 մլ եռման ջուր և կես ժամով դնել կրակին: Պատրաստի թուրմը քամել և աստիճանաբար ավելացնել այնքան եռման ջուր, որքան հարկավոր է, որ թուրմը դառնա իր նախնական քանակության (200 մլ): Այս լուծույթով հարկավոր է օրական 5 անգամ ողողել բերանն ու կոկորդը: Երեխաների համար դիզենտերիայի դեպքում նռան եփուկը նույնպես կարող է շատ օգտակար լինել: Հարկավոր է 5 գրամ թարմ նռան կեղևին ավելացնել 100 մլ եռման ջուր և 10 րոպեով դնել կրակին: Պատրաստի թուրմը երեխան պետք է ընդունի օրական 3 անգամ՝ մեկ կամ նույնիսկ երկու թեյի գդալ: Մաշկի բորբոքումների ժամանակ կարելի է օգտագործել նռան ծաղիկների թուրմը: 10 հատ ծաղկին անհրաժեշտ է ավելացնել 200 մլ եռման ջուր և կես ժամ թրմել: Թուրմը հարկավոր է օգտագործել տաք վիճակում: Անհրաժեշտ է թրջել դրա մեջ բամբակը, դնել այն ախտահարված հատվածին, այնուհետև ծածկել կոմպրեսային թղթով և տաք վիրակապով: Կոմպրեսը հարկավոր է թողնել 20 րոպե: Հակացուցումներ Նռան թարմ քամած հյութը մաքուր վիճակում չի կարելի խմել, քանի որ այն կարող է դառնալ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման պատճառ: Հյութին հարկավոր է ջուր խառնել և խմել այն դանդաղ, ձողիկի միջոցով: Նռան եփուկների և թուրմերի չարաշահումը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման: Առհասարակ նռան գործածությունը չարաշահելու դեպքում կարող են առաջանալ ջղաձգումներ, թուլություն ու գլխապտույտներ և նույնիսկ վատանալ տեսողությունը: Հեպատիտի և ստամոքսի խոցային հիվանդության ժամանակ նուռն անշուշտ հակացուցված է:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comentários