top of page

Արդյոք ինքդ քեզ գեղեցիկ համարո՞ւմ ես

  • Zohrap Amiryan
  • 9 дек. 2016 г.
  • 2 мин. чтения

Եկեք անկեղծ խոսենք… Ո՛չ, մենք չենք քննարկելու մեր ձեռքբերումները, անձնական կյանքը, անկումներն ու թռիչքները: Պատասխանիր ընդամենը մեկ հարցի. դու գեղեցի՞կ ես: Եղիր անկեղծ ինքդ քեզ հետ:

Կհամարձակվե՞ս արդյոք ինքդ քեզ կոչել Աստծո զարմանահրաշ գլուխգործոց, Նրա արարչագործության գեղեցկագույն պսակ: Մի՛ զարմացիր այս խոսքերով, քանզի Ինքը՝ Արարիչ Աստված, այդպես է մտածում քո մասին:

Կանացի գեղեցկության թեման կա և մնում է ակտուալ: Մարդկության բազմադարյա պատմության մեջ դրա չափանիշները անհամար անգամներ փոխվել են, իսկ նոր սերունդները, ելնելով մեզ սիրելի դարձած «առաջընթաց» հասկացությունից, ստիպում են նորովի նայել ամեն ինչին, ինչ կապ ունի արտաքինի, վարքի և կնոջ կյանքի հետ:

Այս աշխարհը մեզ վրա է բարդում գեղեցկության իր չափանիշները, որոնք ինքնին սուբյեկտիվ են, շատ փոփոխական: Եղե՞լ են արդյոք քո կյանքում իրավիճակներ, երբ քեզ շատ է դուր եկել մի բան, իսկ քո ընկերուհին պնդել է, թե դրանում ոչ մի հետաքրքիր բան չկա: Դուք տարբեր եք, այդ պատճառով յուրաքանչյուրն ուրույն կերպ է նայում շրջապատող աշխարհին և ամեն ինչին, ինչ կա դրանում: Նույնը գեղեցկության հետ է… Այն, ինչ ոմանց սարսափելի է թվում, ուրիշները գլուխգործոց են համարում:

Ինչո՞ւ դու շփոթվեցիր, երբ պետք է պատասխանեիր քո գեղեցկության մասին հարցին: Դու համարում ես, որ արժանի չե՞ս գեղեցկուհի կոչվելու: Գուցե մանկության օրերին քեզ չեն ասել, որ դու հիասքանչ ես: Իսկ պատանի հասակում, երբ այնքան կարիք ունեիր լսելու հաճոյախոսություններ հակառակ սեռի կողմից, դու չես լսել դրանք:

Գուցե հիմա, լինելով հասուն գեղեցիկ աղջիկ, դու չես կարողանում ինքդ քեզ ընդունել այնպիսին, ինչպիսին Աստված ստեղծել է քեզ, իսկ հայելուն նայելով էլ մեկը մյուսի հետևից լսում ես անցյալի ձայները, որոնք կրկնում են, որ դու այնքան էլ գեղեցիկ չես:

Միլիոնավոր աղջիկներ աշխարհում ապրում են դժբախտ կյանք, իրենց հյուծվելու աստիճանի են հասցնում, ատում են իրենց մարմինը մի քանի մարդկանց սուր խոսքերի պատճառով: Ինչո՞ւ է դա կործանում նրանց կյանքը, եթե գեղեցկությունը պարզապես արտաքին չէ: Այն թաքնված է մեր ներսում՝ լուսավորելով ամենը, ինչին դիպչում է կին-արարածը՝ Աստծո արքայադուստրը:

Աստվածաշնչում գրված է, որ ամեն մարդ հիասքանչ է արարված: Միայն պատկերացրու, թե ինչպես է Աստված արարել քեզ: Նա ոչ թե պարզապես արարել է մարդու հերթական մոդել, այլ Նա աշխատանք է տարել քեզ վրա: Նայիր քո աչքերին, ականջներին, քթին, մարմնին, այդ ամենի հեղինակը Աստված է:

Հենց ինքն է հնարել քո այտերի փոսիկները, քո աչքերի բացվածքը, աչքերիդ գույնը և անգամ քո ծնոտի խալը: Դու Նրա արարչագործության պսակն ես, Նրա գլուխգործոցը, արվեստի գործը: Աստված հիանում է քեզնով ու ամեն օր զմայլվում քո գեղեցկությամբ: Դու ոչ թե պարզապես կրկնօրինակ ես կամ այս աշխարհում ինչ-որ մի աղջկա նմանակ: Դու յուրօրինակ ես:

Մարդը Արարչի անսահման սիրո պտուղն է: Հայրը ցանկանում է, որ ոչ թե պարզապես օրեր ապրենք, այլ հաճույք ստանանք մեր ամեն ապրած օրից: Թող քեզ մտահոգող կարծիքներից ամենաառաջինը Աստծո կարծիքը լինի: Նա ցանկանում է, որ դու սիրես ու հարգես քեզ: Աստված քո մեջ արժանապատվություն է դրել, որը հավակնում են խլել ուրիշները: Թույլ մի տուր ապականելու կամ ոչնչացնելու քեզ: Հիշի՛ր՝ դու Արքայի դուստրն ես:

Արժանապատվությունը սերտ կապ ունի ներքին գեղեցկության հետ և դրսևորվում է աղջկա՝ սեփական անձի հանդեպ և շրջապատող մարդկանց հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ: Եթե մինչ այս պահը քո արժանապատվությունը կորսվել է, Արարիչը կարող է վերականգնել այն: Աստծո սերը քո հանդեպ անսահման է, միայն Նա գիտի քո սրտի ճանապարհը: Վստահիր Նրան: Հիշի՛ր, միայն Աստծո հետ կարող ես իրապես ճախրել և դառնալ հիասքանչ վարդ Նրա պարտեզում:

Արքայի՛ դուստր, դու գեղեցիկ ես: Դու յուրօրինակ ես: Աստված քեզ արարել է այնպիսին, ինչպիսին որ դու պետք ես իրեն: Դու հիասքանչ ես: Այս աշխարհը այնպիսին չէր լինի, ինչպիսին կա՝ առանց քո պայծառ ժպիտի և փայլող աչքերի: Փայլի՛ր, թանկագի՛նս:

Աննա Չուպրինա

Աղբյուրը ' crossnews.am

Commentaires


bottom of page