top of page

Եկեղեցու դերը ամուսնության մեջ

  • Zohrap Amiryan
  • 10 дек. 2016 г.
  • 2 мин. чтения

«Շնորհավորում ենք ձեզ: Դուք ամուսնացել եք, և այլևս ոչ ոքի օգնությունը ձեզ անհրաժեշտ չէ». սա, ինչպես պարզվում է, մտածելակերպի բավական վտանգավոր տեսակ է, բայց ես հակված եմ համարելու, որ զույգերի մեծամասնությունն իրենց ամուսնության առաջին շրջանում հենց նման կերպ են մտածում: Ինչո՞ւ:

Երբեմն ամուսնությունը մարդկանց ստիպում է մտածել, որ այն հիասքանչ մարդը, ում հետ նրանք ամուսնական ուխտ են կնքում, դառնալու է իրենց բոլոր հարցերի պատասխանը:

Սակայն փորձը ցույց է տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ, և նորաստեղծ ընտանիքները մեկուսանալով՝ առանց կողմնակի օգնության, մեծապես տուժում են: Խնդիրները կարող են ծագել մանրուքներից ու ժամանակի հետ մեծանալ:

Այսպիսով, բարի գալուստ ամուսնություն:

Չնայած այն բանին, որ ես ու կինս մեծացել ենք քրիստոնեական ընտանիքներում, հաճախել քրիստոնեական դպրոց ու խմբակ, մենք բավականին ծանր ընթացք ունեցանք մեր համատեղ կյանքի առաջին տարիներին: Մենք համարում էինք, որ երկուսս բավական ենք կյանքի խնդիրները լուծելու համար:

Մենք գնում էինք եկեղեցի, սակայն ոչ պարբերաբար: Փորձում էինք Աստծուն հանձնել մեր ամուսնությունը, սակայն ոչ ամբողջությամբ՝ միայն կեսը, և դեռևս հանդիպում էինք բազում խնդիրների:

Մենք ապրում էինք մեր սեփական պայմաններով ու մտածելակերպով և մի քանի անգամ գրեթե հասել էինք ամուսնալուծության շեմին:

Եվ երբ որոշեցինք պարբերաբար եկեղեցի հաճախել ու հստակ դիրքորոշում ընդունեցինք մեր ամուսնության հարցում, անկեղծ ասած, դա փոխեց մեր ամուսնությունը, մեր անձնական կյանքը և Քրիստոսի հետ մեր հարաբերությունները:

Եվ հիմա գիտենք այն, ինչ ձեզ էլ անհրաժեշտ է իմանալ: Ահա չորս պատճառ, թե ինչու է եկեղեցին անհրաժեշտ ձեր ամուսնությանը.

Ավելի մեծ ներգրավվածություն հասարակական կյանքի մեջ.

Եկեղեցին հիանալի միջոց է համայնքի մեջ ներգրավվելու՝ հավատքով ու դրական մարդկանցով շրջապատված լինելու, որովհետև ամուսնության վաղ շրջանում մեկուսացումը վատ գաղափար է: Եկեղեցին հնարավորություն է տալիս նոր ու ամենատարբեր մարդկանց հանդիպելու:

Շփումը հոգևոր մարդկանց հետ լավագույն միջոցն է՝ գտնելու ձեր հարցերի պատասխանները: Այստեղ դուք լսում եք մարդկանց հայտնություններն ու ինքներդ կիսվում, ինչը ձեզ պահում է հոգեպես արթուն վիճակում:

Կարգապահություն հարաբերություններում.

Արդյոք հեշտ չէ՞ կիրակի առավոտյան արթնանալն ու հեռուստացույց միացնելը, կամ պարզապես երկար քնելը: Հավատացեք, որ բոլորը կհամաձայնեն դրա հետ: Այնուամենայնիվ, եթե դուք ցանկանում եք, որ ձեր ամուսնությունը լինի հաջողակ, ապա պետք է հասունանաք ու Աստծուն ներգրավեք դրա մեջ: Եկեղեցի գնալու որոշումը մի թողեք վերջին պահին:

Եկեղեցի հաճախելու պարզ որոշումը կարող է կարգապահություն մտցնել ձեր ամուսնության մեջ, ինչը դրական ազդեցություն կունենա ձեր ընտանիքում՝ այլ բնագավառների և իրավիճակների վրա:

Աստծո գիտություն.

Եկեղեցի հաճախելու գլխավոր նպատակը շփումը կամ խմբակները չեն, այլ Աստծո ներկայությունն ու Նրա խոսքը լսելը: Եկեղեցին վայր է, որտեղ կարդում ենք Աստվածաշունչ, աղոթում ու լսում Քրիստոսի մասին: Նշումներ արեք ձեզ մոտ այդ օրվա խոսքի մասին և թույլ մի՛ տվեք, որ դրանք անցնեն ձեր կողքով: Գրեք մի քանի հարցեր և քննարկեք դրանք հետագայում ձեր կնոջ հետ: Նա գուցե ուշադրություն է դարձրել այնպիսի հարցերի վրա, որոնց դուք ուշադրություն չեք դարձրել: Եկեղեցին կտա ամենը, ինչ անհրաժեշտ է ձեզ Աստծո հետ քայլելու մեջ:

Խրատ.

Մեր ամուսնության մեջ որոշ խնդիրներ ունենալով՝ ես ու կինս որոշեցինք, որ մեզ օգնություն է անհրաժեշտ: Եկեղեցին, որ մենք հաճախում ենք, ունի ծրագիր ամուսնացածների համար, որտեղ ավելի հասուն զույգեր օգնում ենք երիտասարդ ու նորաստեղծ ընտանիքներին:

Եթե մենք բաց թողնեինք շփման այս հնարավորությունը, ապա բաց կթողնեինք հրաշալի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունը նույնպես: Որոշե՛ք խիզախ քայլ անել ու գտնել հոգևոր մի իմաստուն խորհրդատուի ձեր ամուսնության համար:

Բրայան Վան Սլայք

Աղբյուրը ' crossnews.am

Comments


bottom of page