top of page

Մի անարգեք մեր պատմությունը. հաղթանակի, այլ ոչ թե` մթի ու ցրտի տարիները|Hayastan24.com

  • Մհեր Ղալեչյան
  • 11 дек. 2016 г.
  • 2 мин. чтения

2-րդ համաշխարհային պատերազմի ամենահիշարժան դրվագներից մեկը Լենինգրադի բլոկադայի ժամանակաշրջանն է: Գրեթե 900 օր ԽՍՀՄ-ի` Մոսկվայից հետո ամենամեծ քաղաքը գտնվել է լիակատար շրջափակման մեջ: Գերմանական զորամիավորումները կտրել էին լենինգրադցիներին սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք հասցնելու բոլոր ուղիները: Միակ ճանապարհը, որը անվտանգ չէր և սահմանափակ, անցնում էր Լադոգա լճով: Բլոկադան շատ թանկ նստեց լենինգրադցիների վրա: Միայն սովից մահացավ նվազագույնը 630 հազար մարդ: Գրեթե մեկ տարի քաղաքի բնակիչներին հիմնականում միայն հաց էին բաժանում. առաջնագծում գտնվող զինվորականներին` 500 գրամ, ռազմական գործարաններում աշխատողներին` 250 գրամ, մնացածներին` 125 գրամ: Սրան պետք է գումարել նաև այն, որ գերմանական ավիացիան մեծ վնաս էր հասցրել քաղաքի էլեկտրակայաններին, որի պատճառով քաղաքի մեծ մասը մնացել էր առանց էլեկտրականության: 1941/42 թվականը սաստիկ սառնամանիքները, ահավոր ցուրտը մի քանի տասնյակ հազար մարդու կյանք խլեցին: Չնայած այս դժոխային պայմաններին, Լենինգրադը դիմացավ և գերմանացիները այդպես էլ չկարողացան քաղաքը գրավել: 1944թ. հունվարին բլոկադան վերացվեց. 3 միլիոնանոց Լենինգրադում մնացել էր ընդամենը 560 հազար բնակիչ: Գնացեք այսօր Ռուսաստան և ցանկացածին հարցրեք Լենինգրադի բլոկադայի և ընդհանրապես` պատերազմական այդ ժամանակաշրջանի մասին: Բոլորն էլ հպարտությամբ այն կհամարեն հերոսության, բացառիկ տոկունության վառ օրինակ: Լենինգրադցիները իրենց հերոսական պայքարի շնորհիվ կարողացան մեծ ավանդ ունենալ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակում: Նրանք հիմա էլ այդ ծանր բլոկադային տարիները համարում են հաղթանակի տարիներ: Հաղթանակ, որը տրվեց չափազանց ծանր գնով: Վերջին օրերին, երբ խոսակցություններ են գնում այն մասին, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է ակտիվ քաղաքական կյանքի, շատերը դա սվիններով ընդունեցին` համարելով, որ նրա մեղքով 1992-1994 թվականների պատերազմական շրջանում ժողովուրդը մթի ու ցրտի մեջ է ապրել: Հիմա որ գա, երկիրը նորից մթի ու խավարի մեջ կհայտնվի: Հոգ չէ, որ այն տարիներին պատերազմ է եղել, երկիրը բլոկադայի մեջ է եղել, երկիրը սնուցող հիմնական ճանապարհներն ու էներգետիկ խողովակաշարերը պարբերաբար պայթեցվել, ոչնչացվել են: Որ պահ է եղել, երբ հացահատիկի ընդամենը 12 ժամվա պաշար ենք ունեցել: Որ 350-400 հազար փախստական ենք ունեցել միայն Ադրբեջանից, որին ավելացել էին 1992թ. ամռանը Շահումյանի և Մարտակերտի անկումից հետո Հայաստան եկած արցախցի հազարավոր անտուն մնացած մարդիկ: Եվ այդքանով հանդերձ, այդ պատերազմից հաղթանակած ենք դուրս եկել: Պատվով ենք դուրս եկել: Մեր հազարավոր հայտնի ու անանուն հերոսները աներևակայելի ջանքերի գնով պահել են Արցախը, հակառակորդին ծանր պարտության մատնել: Եվ այդ ամենը արել ենք մեր, սեփական ուժերով: Այդ հաղթանակի համար ծանր գին ենք տվել, երկար ժամանակ զրկված ենք եղել էլեկտրաէներգիայից, նորմալ սնունդից, որովհետև հոսանքը առաջին հերթին ուղղվում էր բանակին, ճակատին, զինամթերք արտադրող ձեռնարկություններին, նույնը` սնունդը, հագուստը: Լուռ ու մունջ տարել ենք բոլոր զրկանքները` մեզ համարելով այդ կռվի մի մասնիկ: Այստեղ խոսքը գնում է ոչ թե Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասին, այլ մեր պատմությունը, մեր հերոսական էջերը պաշտպանելու մասին: Դրանք հաղթանակի, վեհության և հերոսության տարիներ էին: Ռուսաստանում, Բելառուսում, Մեծ Բրիտանիայում չեք գտնի գեթ մեկ մարդու, որը պատերազմի ժամանակաշրջանը անվաներ մթի ու ցրտի տարիներ: Իսկ մեզ մոտ անվանում են: Երևի մտածում են, որ պատերազմը դա մի հատ կռիվ-կռիվ կինո է, որը ընդամենը պոպկորնը վերցրած, պետք է դիտել: Հանգիստ` բազմոցին նստած: Ասել, թե այդ տարիները մթի ու խավարի տարիներ են, նշանակում է անարգել մեր պայքարը, հաղթանակը, այդ հաղթանակի համար իրենց կյանքը չխնայած հերոսների հիշատակը, պղծել մեր ամենանվիրական զգացումները: Ուշադիր նայեք լուսանկարները. տեսեք, թե ինչպիսին է եղել բլոկադային Լենինգրադի կյանքը: Աստված չանի, որ երբևիցե մենք նման տառապանքներ տեսնենք, որ նոր հասկանանք, թե ինչ է նշանակում մութ ու ցուրտը:

Մհեր Ղալեչյան

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Комментарии


bottom of page