Ինչի՞ մասին եք ավելի շատ մտածում՝ այն մասին, ինչ դուք չե՞ք ստացել ձեր կողակցից, թե՞ ինչ ձեր կողակիցը
- Zohrap Amiryan
- 18 дек. 2016 г.
- 3 мин. чтения

Վերջերս խոսում էի ընկերոջս հետ, ու նա կարծիք հայտնեց, որ ծիծաղն ամուսնության համար նման է լակմուսի թղթի: Եթե ամուսինները սկսել են ոչ հաճախ ծիծաղել ու հումոր անել միմյանց հետ, ապա, շատ հնարավոր է, նրանք դժվար ժամանակներ են ապրում, գուցե դադարել են վստահել միմյանց ու կորցրել են խաղաղությունը: Քանի դեռ կա ծիծաղ, բաժանումները սարսափելի չեն:
Այդ ժամանակ ես մտածում էի, թե որո՞նք են առողջ կամ «հիվանդ» ամուսնության հատկանիշները: Եվ ահա 10 ախտորոշիչ հարցեր, որոնք ինձ օգնեցին այդ բացահայտման մեջ, և որոնցով հիմա ցանկանում եմ կիսվել ձեզ հետ.
Դուք աղոթո՞ւմ եք միասին:
Քանի որ սա դժվար հարց է բոլորիս համար, ապա հենց սկզբից անդրադառնանք սրան: Ես, իհարկե, ճանաչում եմ հիասքանչ զույգերի, ովքեր այդքան էլ հաճախ միասին չեն աղոթում, բայց աղոթում են: Եվ դրանց կողքին, կարող եմ վստահությամբ ասել, որ ես չեմ տեսել ու չգիտեմ չստացված ամուսնություն, որտեղ ամուսինները միասին աղոթում են պարբերաբար:
Արդյոք դուք նկատո՞ւմ եք մեկդ մյուսին:
Կհասկանա՞ն արդյոք ձեզ շրջապատող մարդիկ, որ դուք ձեր կնոջը գեղեցիկ եք համարում:
Երբևէ քայլո՞ւմ եք՝ ձեռք ձեռքի բռնած:
Ես ու կինս միշտ հիանում ենք, երբ տեսնում ենք տարեց զույգերի, ովքեր այդ տարիքում անգամ ձեռք ձեռքի բռնած են քայլում: Հիշում եմ, մանկությանս տարիներին ինձ մեծ ուրախություն էր պատճառում տեսնել, թե ինչպես էր հայրիկս մորս ձեռքը բռնում մեքենա վարելիս: Բայց եթե ձեր ընտանիքում այդ հպումը բացակայում է, ապա, գուցե, դա մեկ այլ՝ ավելի լուրջ բանի բացակայության արդյունք է:
Ե՞րբ եք վերջին անգամ իրար ասել՝ «ների՛ր»:
Ո՛չ թե՝ որպես արդարացում: Ոչ թե՝ ձեզ ստիպելով ու տառապանքով: Այլ՝ անկեղծորեն, զղջումով:
Ե՞րբ եք վերջին անգամ շնորհակալություն հայտնել միմյանց:
Ես նկատի չունեմ քաղաքավարի «շնորհակալությունն» այն բանի համար, որ սեղանի շուրջ նստած ձեզ աղն են փոխանցել: Ես նկատի ունեմ շնորհակալություն՝ հստակ օգնության համար, օրինակ՝ ափսե լվանալու, ձեզ երկար քնելու հնարավորություն ընձեռելու, ջանասեր աշխատանքի, ձեր սիրելի կերակուրը պատրաստելու և ընտանիքի կարիքները հոգալու համար:
Ե՞րբ եք վերջին անգամ անակնկալ մատուցել միմյանց:
Մի քանի շաբաթ առաջ կնոջս առանց որևէ պատճառի ծաղիկներ նվիրեցի: Անո՞ւմ եք արդյոք դուք անակնկալներ՝ անսպասելի նվերներ, թատրոնի ու համերգի հրավերներ և այլն:
Ե՞րբ եք միասին զվարճացրել ձեր երեխաներին՝ նրանց հետ կատակելով:
Երեխաները պետք է երբեմն տեսնեն ձեզ մի վիճակում, որտեղ դուք այնքան էլ ձեզ լուրջ չեք պահում: Նրանք պետք է տեսնեն ձեզ պարելիս, համբուրվելիս, զվարճանալիս ու պարզապես խեղկատակություն անելիս: Երեխաները պետք է տեսնեն, որ ծնողները հիանալիորեն լեզու են գտնում իրար հետ:
Ե՞րբ եք վերջին անգամ միասին ժամանակ անցկացրել ու խոսել այլ թեմաներից՝ երեխաներին վերաբերող հարցերից զատ:
Պարզապես դուրս եկեք տանից միասին ու փորձեք չխոսել երեխաների մասին, քանի դեռ նրանք չեն հայտնվել մոտակայքում:
Ի՞նչ են մտածում մարդիկ ձեր ամուսնու/կնոջ մասին՝ ելնելով ձեր խոսքերից:
Միշտ լինում են դեպքեր, երբ պետք է մի բան ասես ամուսնուդ կամ կնոջդ մասին խմբակի կամ աղոթքի հավաքույթի ժամանակ: Եթե մեկը ձեր խոսքերը լսի ու հետո մեկ օր հանդիպի ձեր կողակցին, արդյոք նա կզարմանա՞ այն ամենով, ինչ ասում էիք այն ժամանակ:
Ինչի՞ մասին եք ավելի շատ մտածում՝ այն մասին, ինչ դուք չե՞ք ստացել ձեր կողակցից, թե՞ ինչ ձեր կողակիցը չի ստացել ձեզնից:
Ամուսնության մեջ միշտ է դժվար լինում: Վիրավորանքներն ու հիասթափությունները միշտ սպասում են ձեզ ամեն քայլափոխի, եթե դուք որոշել եք հավատարիմ լինել ու ամբողջ կյանքում ապրել մի մարդու հետ: Բայց ինչի՞ մասին եք դուք մտածում այդ փորձությունների ժամանակ. այն մասին, թե ինչպես բարելավել ձեր ամուսնությո՞ւնը, թե՞ ավելի հաճախ մտածում եք ձեր կողակցի սխալների մասին, մի գուցե մտածում եք ձեր բնավորության շտկմա՞ն մասին:
Սիրել Քրիստոսի նման՝ նշանակում է չդադարել սիրել անգամ այն ժամանակ, երբ ձեզ սիրում են ոչ այնքան, որքան դուք դրան արժանի եք:
Քևին Դեյանգ
Աղբյուրը` crossnews.am
Σχόλια