top of page

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

  • Zohrap Amiryan
  • 11 янв. 2017 г.
  • 4 мин. чтения

Հարգարժան Վարչապետ, քանի որ երկու անգամ դիմել եմ ՀՀ նախագահին ու պատասխան չեմ ստացել և տեսնելով այն քայլերը որոնք Դուք անում եք փորձելով հետ քաշել Հայաստանը անդունդի եզրից որին հասցրել էր նախորդ իշխանությունը կաշխատեմ հնարավորինս անկեղծ լինել Ձեզ հետ, քանի որ ինձ որպես ՀԱՅ, մի հարց է անհանգստացնում, որի պատասխանը իմ համոզմամբ միմիայն Հայաստան Երկրի ղեկավարիներից կարող եմ ստանալ՝ մինչև ո՞ւր պետք է հասնի Հայ ժողովրդի այս վատ վիճակը և ե՞րբ պետք է Հայը արժանապատիվ ապրի իր հայրենիքում ու մտքով անգամ չանցկացնի արտագաղթելը:

Մենք՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվող գյուղացիներս, այն մարդկանցից չենք, ովքեր տեսնելով երկրի վատ դրությունը կփորձեն փախչել այլ երկիր ու օտարի ծառա դառնալ: Հակառակը դեռ հնարավոր վտանգի դեպքում առաջիններից ենք լինելու՝ ովքեր կյանքի գնով կպաշտպանեն հայրենիքը, որովհետև ՀԱՅ ենք ու աշխարհում մեր տունը Հայաստանն է:

Լսելով Ձեր՝ «Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք» նախադասությունը Դիմում եմ Ձեզ հուսալով, որ կլինի արձագանք ու կլինեն շարունակական բարեփոխումներ այս անգամ ի նպաստ Հայաստանի և ազգաբնակչության: Քանի գնում այնքան անհուսալի է դառնում մեր ժողովրդի դրությունը, այնինչ որոշ հեռուստատեսություններ չգիտեմ թե ինչ շարժառիթից ելնելով շարունակ փորձում են հանրությանը ներկայացնել, թե իբր տնտեսությունը գնալով զարգանում է ու իշխանություններն էլ իբր փորձում են այնպես անել, որ օրենքը ծառայի ի շահ ժողովրդի: Իրականում հակառակ տենդեցն է: Մի կողմից ահավոր չափերի հասնող արտագաղթը, որի արդյունքում դատարկվում են բնակավայրերը, մասնավորապես հեռավոր ու սահմանամերձ /արտագաղթի այսպիսի տենդենցի դեպքում հնարավոր է, նույնիսկ չեմ ցանկանում ենթադրություններ անել ապագայի վերաբերյալ/, մյուս կողմից էլ կառավարության որդեգրած քաղաքականությունը, որի արդյունքում գնալով վատանում է Հայաստանում բնակվող քաղաքացու դրությունը: Հայաստանը ունենալով ջրի հարուստ պաշար, ահռելի բնական ռեսուրսներ տնտեսություն զարգացնելու համար ու նաև հնարավորություն մատչելի գնով հոսանք արտադրելու ու մատակարարելու սպառողին, այնպիսի գներով է վաճառում այդ ամենը մեզ, որ զուրկ է ողջամիտ տրամաբանությունից:

ՀՀ գլխավոր խնդիրներն են՝ և՛հարկային քաղաքականությունը որը ոչնչացնում է մանր ու միջին բիզնեսին, և՛ առանց այն էլ ցածր աշխատավարձերից 30 տոկոսի պահումը՝ կուտակային չարիքի անվան տակ, և՛ հոսանքի,/ գազի մասով առժամանակ կլռեմ/, և՛ ջրի չափազանց թանկ լինելն ու դրանց բացասական հետևանքները՝ թանկացումները, և՛գյուղացու անմխիթար ու անպաշտպան վիճակը, և՛ մարդկանց սոցիալապես ահավոր ծանր վիճակը, ինչպես նաև այն, որ ժողովրդավար Երկրում որոշումներ են կայացվում նույնիսկ ժողովրդի կամքին հակառակ՝ առանց հաշվի առնելու նրանց կամքը և դրանով ավելի ստորացնում մարդկանց, հոսանքի անհիմն թանկացում, կուտակային կոչվող թալան՝ այլ կերպ չեմ կարող դա անվանել, աբսուրդի հասնող կարմիր գծեր և այլն: Հարկային քաղաքականությունը՝ ինչպե՞ս կարելի է հարկել աշխատողի աշխատավարձի 30 տոկոսը, այն դեպքում, երբ աշխատավարձի բարձրացում 2008թվականից գրեթե չի լինում, սակայն թանկացումներ լինում են և այն էլ տարվա կտրվածքով մի քանի անգամ: Պետական համակարգում՝ այն էլ չափազանց ցածր աշխատավարձի դեպքում, քանի որ հիմնականում այլընտրանքային վարձատրության ակնկալիք է լինում, աշխատանքի անցնելիս աշխատում է ԽԾԲ /խնամի, ծանոթ, բարեկամ/ տարբերակը կամ խաշառք տալով աշխատանքի ընդունվելու սկզբունքը: Այդ պատճառով հիանալի մասնագետների արտահոսք է լինում Հայաստանից: Արդեն մարդկանց հավատն էլ է կորել պետության ու իշխանության հանդեպ և այն աստիճանաբար փոխվել է վախի, թե բողոքի ձայն բարձրացնես, ապա, կամ բռնության կենթարկվես, կամ էլ, եթե ոչ դու, ապա հարազատներդ կզրկվեն աշխատանքից, էլ չեմ խոսում այն ազատամարտիկների մասին ովքեր իրենց կյանքն են դրել պետության կայացման գործում ու հիմի անտեսված ու արհամարհված են:

Որպես մարզի բնակիչ խուսափում եմ մեքենայով մայրաքաղաք գալ, որովհետև յուրաքանչյուր մետրը վաճառված է, նույնիսկ փողոցների բանուկ հատվածը բիզնեսի առարկա է, իսկ ամբողջ Երևանը կարմիր գծերով է ծածկված ու միայն մեքենան կայանելու համար քաղաքացու գրպանին լուրջ հարված է հասնում: Իհարկե լուրջ, որովհետև, երբ մեզ մոտ միջին աշխատավարձը 90000 ՀՀ դրամ է և, եթե տանը երկու աշխատող կա, ապա ընտանիքը կունենա 180.000 ՀՀ դրամի եկամուտ, ամենապարզ հաշվարկով բոլոր տեսակի ծառայությունների դիմաց՝ ջուր, հոսանք, գազ, կոմունալ սպասարկումը միասին վճարելուց հետո, որը կկազմի մոտավորապես 60.000 ՀՀ դրամ, 3 հոգուց բաղկացած ԸՆՏԱՆԻՔԻՆ /հայր, մայր և մեկ երեխա, քանի որ երեխաներ ունենալն ու պահելն արդեն իսկ մեծ ռիսկ է/ մնում է ամսվա կտրվածքով՝ յուրաքանչյուր օրվա սնունդի և հագուստի համար մոտ 4000 դրամ, ինչպե՞ս ապրեն՝ սնվեն ու հագնվեն, դե երեխայի կարիքները հոգալն էլ մի կողմ: Էլ չհաշված այն հանգամանքը, որ ազգաբնակչության մեծ մասը կեղեքում է բանկերի կողմից բարձր տոկոսներով տրված վարկերի ծանրության տակ, որոնք ֆորսմաժորային արհավիրքների ժամանակ մնում են վարկառուի ուսերին: Այս ամենը կարելի է ուղղել շատ կարճ ժամանակում, բավական է երկու տարի արտոնություններ տալ բնակչությանը բոլոր ոլորտներում, վերացնել կուտակայինը, կրկնակի իջեցնել էլեկտրաէներգիայի գինը, պետականորեն ուշադրություն դարձնել հեռավոր մարզերին, մասնավորապես սահմանամերձ բնակավայրերում լինել գյուղացու կողքին, հատկապես ինքնահոս և Հանրապետության սահմաններից դուրս հոսող ջրերը անվճար տալ գյուղացիներին մշակաբույսերի ոռոգման համար և համոզված եմ, կարճ ժամանակում Հայաստանը կդառնա տարածաշրջանի ամենածաղկուն ու հզոր պետությունը, էլ չեմ ասում նոր աշխատատեղեր լինելու դեպքում, բազմաթիվ հայորդիների Հայաստան վերադառնալու հնարավորության մասին: Մեր Երկրում կան շատ փայլուն մասնագետներ ովքեր կարող են օգտակար լինել Հայաստանին օգտագործելով և՛ արևի, և՛ քամու, և ջրի նույնիսկ եղեգի օգտակար հատկությունները այլընտրանքային էներգիա ստանալու և այլ էժան ու օգտակար բարիքներ ստեղծելու համար: Ամենաուրախալին այն է, որ աստիճանաբար խրախուսվում է հայրենական արտադրանքը:

Ամբողջ Հայաստանը ողողվել է Հայ ազգի հավերժ թշնամի թուրքիայի արտադրանքով ու այդ ճանապարհով ժողովրդից հավաքված դրամական միջոցները ուղղվում են դեպի այդ երկիր:

Անհրաժեշտ է հաշվի առնել բնակչության բողոքի ձայնը: Չէ՞ որ ՀԱՅ ազգը հազարամյակներով փորձությունների չի ենթարկվել, կոտորվել ու զրկանքներ կրելով գոյությունը պահպանել, որ այսպիսի վերաբերմունքի արժանանա: Մեր որդիներն են լինելու մեր բանակի ապագա զինվորները և ցանկալի է, որ նրանք ծառայեն հզոր, համերաշխ ու օրենքի երկրի բանակում: :

Հետևելով պետական մակարդակով ֆինանսավորվող ազերական CBC հեռուստաալիքով հեռարձակվող տարբեր լեզուներով, այդ թվում հայերեն, ռուսերեն, անգլերեն, ստերին, որտեղ պետական մակարդակով խեղաթյուրվում է Հայոց պատմությունը, մշակույթը և հայ ազգին ներկայացնում են որպես քոչվոր, ագրեսոր, այն դեպքում, երբ հայ ազգը կար ու մշակույթ ուներ, ազերիների նախնիները դեռ ծառ մագլցել չգիտեին զարմանում ենք մեր չինովնիկների ու հատկապես Հայաստանի պատմաբանների անտարբերության վրա: Դե բնական է, քանի որ սուտը եթե կրկնում ես հարյուր անգամ դառնում է ճիշտ, իսկ այն դեպքում, երբ հակադարձ չի լինում համարժեք, ճշմարտությունը տեղի է տալիս ստին: Համենայն դեպս մեր ազգը արժանի չէ այս վերաբերմունքին:

Ամենայն հարգանքներով՝ Հայաստանի ապագայի, բարօրության և հզորացման մտահոգությամբ ՀՀ քաղաքացի, առայժմ երկու ապագա զինվորների հայր՝ Տիգրան Մաթևոսյան:

Comments


bottom of page