Անակնկալ այցելության սպասված արդյունքը. ՎիվաՍել-ՄՏՍ
- Zohrap Amiryan
- 20 дек. 2017 г.
- 2 мин. чтения

Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի կիսակառույցներից մեկն ընթացիկ տարվա գարնանն ընդգրկվել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող՝ բնակարանաշինության 2017 թվականի ծրագրում:
Հայկարամ Բաղդասարյանի ընտանիքի համար այդ հնարավորությունն անակնկալ էր, որի մասին հայտնի դարձավ ուսումնասիրության նպատակով կազմակերպված շրջայցի ընթացքում: Գործընկեր կառույցների աջակցությունը մինչև տարեվերջ տուն ունենալու հեռանկար էր ստեղծել: Շինարար Հայկարամը մենակ չէր մնացել նաև տան կառուցման աշխատանքների ժամանակ:
Կամավորության սկզբունքով նրան էին միացել գործընկեր կառույցների աշխատակիցներն ու ղեկավարները: Այսօր արդեն Բաղդասարյանները բնակարանամուտ էին նշում սպասված հյուրերի հետ: Քսան տարի առաջ, ընտանիքի նախաձեռնած շինարարությունը պատերից ու ծածկից այն կողմ չէր անցել և կիսակառույց շինությունը տարիներ շարունակ մնացել էր ձյան ու անձրևի տակ: Առօրյա խնդիրներն ու ընտանիքի հոգսը թույլ չէի տվել ավարտել շինարարությունը: Հայկի ընտանիքը՝ կինն ու որդիները, քսան տարի ստիպված են եղել ապրել նախ՝ Հայկի հայրական տանը, ապա՝ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում: Մեծ որդին՝ Արգիշտին, զինվորական ծառայություն է անցնում Մարտակերտում: Մյուս երկու որդիները դպրոցական են: «Անցած յոթ ամիսը կյանքիս ամենալարված, բայց նաև ամենաերջանիկ ժամանակահատվածն է եղել: Երկար տարիներ անգամ չէինք կարող երազել տուն ունենալու մասին. դա անիրական էր թվում: Այսօր երջանկությունս անսահման է, իսկ երախտագիտությունս՝ անսպառ: Ամանորի շեմին ընտանիքիս ու ինձ համար սա ամենալավ նվերն էր: Հիմա վստահ կարող եմ ասել, որ զինվոր որդուս արդեն մեր տանը կդիմավորենք»,-ասել է ընտանիքի հայրը՝ Հայկը:

Բնակարանաշինության ծրագրով ՎիվաՍել-ՄՏՍ- ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում ընթացիկ տարում ավարտին է հասցվել յոթ ընտանիքի կիսակառույց տան շինարարություն: Եվս ութ ընտանիք վերանորոգել, կահավորել կամ ջեռուցման համակարգ է տեղադրել Ռալֆ Յիրիկյանի անձնական ֆինանսավորմամբ:
«Այս ընտանիքը 2017 թվականին իրագործված բնակարանաշինության ծրագրի առաջին շահառուներից է: Հիշում եմ, տանտերերի անակնկալի գալը՝ ծրագրում ընդգրկվելու մասին լուրը լսելով, հիշում եմ նաև վաղվա հանդեպ լավատեսությունը նրանց աչքերում՝ շինարարություն իրականացնելու ընթացքում: Այսօր այս ընտանիքի երազանքն իրականություն է: Ուզում եմ հավատալ, որ այս քարե պատերի պես ամուր է նաև այս ընտանիքի կամքը: Սեփական երկրում ապրելու, ստեղծածը պահպանելու և առաջ գնալու միտքը պետք է կուռ լինի տան հիմքերի պես»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ավարտին է մոտենում մեր համագործակցության հերթական տարին՝ վեց տարվա ընթացքում բարեկեցության պայման ստեղծելով ավելի քան 150 ընտանիքի համար: Սովորաբար, մեր շահառու ընտանիքներն անմիջապես չեն զգում իրենց կյանքում կատարված մեծ փոփոխությունը. լավին սովորելու համար էլ ժամանակ է պետք: Սակայն, տարիների փորձը հերթական անգամ ապացուցում է, որ ծրագրի ավարտից հետո, ժամանակի ընթացքում, ընտանիքն «ուղղում է իր մեջքը» և կյանքի նոր մարտահրավերներին դիմակայում բարձր գլխով»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Comments