Ինչպիսի եղանակ է սպասվում Ամանորի գիշերն ու հունվարի առաջին տասնօրյակում
- Zohrap Amiryan
- 29 дек. 2017 г.
- 1 мин. чтения

«Ներկա պահին հանրապետության գրեթե ողջ տարածքում ձնածածկույթը բացակայում է: Սա նույնպես աննախադեպ երևույթ է:
Երեկվանից սկսած՝ հարավից՝ Իրաքից, Սիրիրայից, տաք օդի ալիքն ակտիվացել է: Ջերմաստիճանը կրկին բարձրացել է՝ Կապանում հասնելով մինչև +20 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում՝ Իջևանում, Բագրատաշենում՝ +17 +18 աստիճանի»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Վերջինի խոսքով՝ այսօր, վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է: Սյունիքի հովիտներում՝ Մեղրիում, Կապանում, Ագարակում և հարակից բնակավայրերում ջերմաստիճանը կհասնի +23 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում՝ մինչև +20 աստիճանի, Արարատյան դաշտում և Երևանում՝ +12 +14 աստիճանի:
Մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ. 31-ի գիշերը կանձրևի:
«Հունվարի 1-ին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: Հունվարի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դրանք հիմնականում կլինեն անձրևի տեսքով, նույնիսկ բարձր լեռնային շրջաններում: Միայն շատ բարձրադիր գոտիներում հնարավոր է ձնախառն անձրև:
Քանի որ ամպելու է, հունվարի 1-ի գիշերը թռիչքաձև կբարձրանան գիշերային ջերմաստիճանները: Եթե վերջին օրերին եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում գիշերային ժամերին նկատվում էր բացասական ջերմաստիճան՝ -2 -4, ապա 31-ի լույս 1-ի գիշերն Արարատյան դաշտում և հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը կդառնա դրական՝ +4 +6 աստիճան, ցերեկային ժամերին +12 +14 աստիճան»:
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ մինչև հունվարի 10-ը ցուրտ օդային հոսանքների ներթափանցում հանրապաետության տարածք չի կանխատեսվում: «Մինչև հունվարի 10-ն անոմալ բարձր ջերմային ֆոնը հանրապետության ողջ տարածքում կպահպանվի: Կանխատեսվում է տաք հունվար»:
Comments